Газета
Скачать газету Вернатун
Школа и садик
Армянская Школа

Детский сад
Кружки и клубы
Кружки и клубы

Армянский клуб игры Мафия
Задай вопрос
Задай вопрос
Контакты
Одесская Армянская Община Контакты:
Адрес: 65009, Одесса,
Гагаринское Плато, 5/4
Телефон: (048)-798-35-03,
E-mail: armodessa@ukr.net
Мы с соц. сетях
VK TR YouTube
Статистика
Авторизация
Гость
Сообщения:

Группа:
Гости
Зарегистрируйтесь или авторизуйтесь!
Логин:
Пароль:
Категории
Объявление Сайта [171]
Здесь вы можете прочитать объявления сайта .
Новости Диаспоры Одессы [85]
Здесь вы можете прочитать новости Армянской Диаспоры Одессы
Видео новости [3]
Видео новости
Новости Армении [30]
Всё об Армении из разных источников.
Календарь

«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Праздники Армении
Праздники Армении
Поиск
» » Սամվել Տիգրանյան. «Ինձ համար հայրենասիրությունը բարի գործերով Հայրենիքին օգտակար լինելն է…»
17:03:23
Սամվել Տիգրանյան. «Ինձ համար հայրենասիրությունը բարի գործերով Հայրենիքին օգտակար լինելն է…»

 Օդեսահայ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը այն մարդկանցից է, ով իր անձնականից բարձր է դասում Հայի ուՀայրենիքի գաղափարը: Արարատյան շենշող ու բարեբեր հողի զավակը կարողացել է այդ զմրուխտե, երազ հովտի արևաշող խաղողի քաղցրանուշ համով լցնել ուկրաինական սփյուռքի հայի միտքն ու հոգին։

 Մշտապես լինելով Օդեսայի հայության կողքին (մարզում բնակվում են 40000 հայեր), նյութական ու բարոյական օգնություն ցուցաբերելով՝ նա դարձել է  հայ համայնքի ձևավորումը խթանող կարևոր ուժերից մեկը։ Տիգրանյանը եղավ այն ամրակուռ հենասյուներից մեկը, ում ջանքերով  վեր խոյացան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցին ու համայնքի մշակույթի տունը և դարձան օդեսահայությանը համախմբող օջախներ։

«Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանն ենք  ներկայացնում մեր հարցազրույցը Սամվել Տիգրանյանի հետ:

-Մեծարգո պարո՛ն Տիգրանյան, ասացե՛ք, խնդրեմ, ինչպե ՞ս և ե ՞րբ սկսվեց Ձեր հասարակական գործունեությունը օդեսահայության կյանքում, ինչպե ՞ս շահեցիք համայնքի վստահությունը, որի արդյունքը եղավ Ձեր՝ նախագահ ընտրվելը։

-Ինչպես գիտենք, անցած դարի 80-ական թվականների վերջերին և 90-ականների սկզբներին նախկին  Խորհրդային Միության հանրապետություններում սկսված ժողովրդավարացման պրոցեսները խթանեցին ազգա-մշակութային կառույցների վերածնմանը, հոգևոր հավատքի վերազարթոնքին։ Օդեսայի հայերս ևս անմասն չմնացինք այդ ամենից. 1990 թվականին ձևավորվեց հայ համայնքը, ընտրվեցին նրա ղեկավար օրգանները։ Ինձ էլ ընտրեցին համայնքային խորհրդի անդամ։ Այդ տարիներին, բնականաբար, մեր ուշադրությունը սևեռված էր արցախյան հերոսամարտի հետ կապված հարցերը և խնդիրները հոգալուն։ Ցավոք, սումգայիթյան ջարդերի ու դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքով օդեսահայության շարքերը խտացան։ Որպեսզի համայնքը նորմալ գործեր, և կարողանայինք համախմբել հայությանը, անհրաժեշտ էր կառուցել եկեղեցի ու մշակույթի կենտրոն։ Հուրախություն մեզ, Ամենայն Հայոց Վեհափառի կոնդակով 93թ. Ուկրւաինահայոց թեմի առաջնորդ նշանակվեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի օրհնությամբ ու հոգևոր աջակցությամբ,  համայնքի գործարար, նվիրյալ ու շնորհալի հայերի նախաձեռնությամբ և ջանքերով 2 տարում  մեծ խանդավառությամբ իրագործեցինք եկեղեցու կառուցումը։ Օդեսայի հայ առաքելական նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարեց անձամբ Գարեգին Ա կաթողիկոսը՝ Էջմիածնի բարձրաստիճան հոգևոր դասի մասնակցությամբ։ Ինչ վերաբերում է մշակույթի կենտրոնին, նրա կառուցումը տնտեսա-ֆինանսական որոշ խոչընդոտների պատճառով ավելի երկար տևեց, սակայն, փա՜ռք Աստծո, դրանք միահամուռ ուժերով հաղթահարեցինք և անվարան քայլերով հասանք մեր նպատակին։ Ես համայնքը ղեկավարում եմ 2006 թվականից, իսկ թե ինչպես շահեցի նրա վստահությունը, գուցե ճիշտ կլիներ հարցնել համայնքին։ (Ժպտում է-հեղ)։

-Անպայման։ Պարո՛ն նախագահ,համայնքի գոյությունը արդարացնու՞մ է Ձեր հույսերը օդեսահայությանը համախմբելու առումով։

-Լիովին, այն այսօր ակտիվ գործող համայնք է, որն այդ առումով  հասել է մեծ հաջողությունների և չի բավարարվում իր ձեռք բերածով։ Սակայն դեռևս մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ցայժմ կան մեծ թվով հայեր, որոնք համայնքի հետ չեն առնչվում, բայց մենք չենք ընկճվում, չենք հուսահատվում, ընդհակառակը՝ համառորեն ու համբերատար շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի տան բոլոր ոլորտների գործունեությունը, Ձեզ բավարարու՞մ  են կազմակերպվող աշխատանքների մակարդակը, նրանց նպատակաուղղվածությունը։

-Այո՛։ 5 տարուց փոքր-ինչ ավելի գործունեության ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել։ Համայնքում, մշակույթի կենտրոնում իրագործվող շատ աշխատանքներ համակարգում, կոորդինացնում է փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանը։ Դրվատելի է Արտեմ Կարաջյանի գործունեությունը, որը տարեվերջյան հաշվետու ժողովին  ընտրվեց փոխնախագահ՝ արտաքին կապերի գծով; Իսկ կենտրոնի բազմաշնորհ տնօրեն Աննա Գևորգյանը համախմբեց գործին քաջատեղյակ ու նվիրված մարդկանց, տարբեր բնագավառների շնորհաշատ ու բանիմաց մարդկանց, և բոլորի  միասնական, ժրաջան աշխատանքը պարգևեց ցանկալի արդյունք։ Նրանց ազգանվեր գործունեության շնորհիվ  մշակույթի տունը համայնքի հայերի համար դարձել է հարազատ օջախ։ Հայի ինքնության պահպանման գործը հուսալի ձեռքերում է։ Մեր համայնքն իր բարի գործերով գրավում է տեղական իշխանությունների և բազմազգ քաղաքի այլ համայնքների ուշադրությունը և արժանանում գովեստների ու համակրանքի։

-Ինչպե՞ս են միմյանց լրացնում եկեղեցին ու համայնքը. չէ՞ որ նրանց գործունեության նպատակը մեկն է՝ հայապահպանությունը։

-Սփյուռքում (և ոչ միայն) հայ եկեղեցին միշտ էլ  իր վրա է վերցրել հայոց հոգևոր ու մշակութային կյանքը զարգացնելու, մասնատված ժողովրդին համախմբելու պատասխանատվությունը։ Մեծ է Օդեսայի Հայ Առաքելական Եկեղեցու դերը ժողովրդին համախմբելու գործում։ Հավատքի ու հայապահպանման գործը իրականացվում է բազմաթիվ գործառույթներով։ Եկեղեցում կատարվում են օծման, երեխաների մկրտության արարողություններ, նորապսակ զույգերի պսակադրություններ, նշվում են տաղավար տոները և բազմաթիվ ծիսակատարություններ, կազմակերպվում են ուխտագնացություններ հայաբնակ վայրերի հայկական եկեղեցիներ։ Սուրբ պատարագը մատուցելու ընթացքում պատարագիչ հայր Լևոնին օգնում են երիտասարդները և ավելի կրտսեր երեխաներ, որոնք այդ խորհրդավոր պահերին ինձ հիշեցնում են փոքրիկ հրեշտակներ։ Իր շուրջը համախմբելով ժողովրդին, հոգևոր արժեքների մասնակից ու կրող դարձնելով՝  եկեղեցին իրականացնում է կրթական ու լուսավորական, մշակութային գործ։ Այն աստվածային լուսատու ջահ է դարձել, որն իրեն է ձգում  օդեսահայությանը և կասեցնում ուրիշ ազգերին ձուլվելու վտանգը։

-Հարգարժա՛ն նախագահ, ի՞նչ կասեիք երիտասարդության մասին, համայնքի ապագան հուսալի՞ ձեռքերում է։

-Համայնքն իր գործունեության հիմքում ի սկզբանե վեհ նպատակ է կենսագործում՝ հայապահպանման սուրբ գործը իրականացնել և սիրով փոխանցել երիտասարդ սերնդին, որն անկասկա´ծ պատվով կկատարի հերթափոխի իր պարտականությունը։ Համայնքի երիտասարդները դա  ապացուցել են իրենց գործով, մշակույթի, կրթության և սպորտի բնագավառում ձեռքբերումներով։ Նրանք քաղաքի հանրակրթական դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ոմանք՝ աշխատողներ, սակայն եռանդուն մասնակցություն են ցուցաբերում եկեղեցու սուրբ գործին և մշակույթի տան բոլոր ոլորտների աշխատանքներին։ Ավելի ակտիվները ներգրավված են համայնքային երիտասարդական կազմակերպության մեջ։ Կասեի ավելին՝ ոգևորվելով մեր երեխաների, ջահելների գեղեցիկ գործերով՝ նրանցում բազմիցս սիրահոժար ընդգրկվում են նաև այլազգի պատանիներ ու աղջիկներ։ Եվս մեկ ուրախալի փաստ. հանդիպելով համայնքի  շրջանակներում՝ ջահելները զույգեր են ձևավորում, հայ ընտանիքներ կազմում՝ դրանով իսկ դնելով համայնքի ամենամեծ ու ամենաամուր հիմնաքարը։ Տա՜ Աստված՝ բախտավոր լինեն։ Ես հավաստում եմ, որ  երիտասարդությունը համայնքի ազգապահպան գործի շարունակողն ու հուսալի պատվարն է։

-Պարո՛ն Տիգրանյան, բնական է, որ համայնքը Ձեր ղեկավարությամբ հասել է նվաճումների՝ ունենալով սերտ կապեր քաղաքային իշխանությունների ու պետական կառույցների, հասարակության տարբեր շերտերի հետ։ Այդ փոխհարաբերությունների այսօրվա մակարդակը Ձեզ բավարարու՞մ է, ի՞նչը կուզենայիք փոխել նրանցում։ 

-Կարծում եմ, որ այդ հարաբերությունները հաջող են ընթանում, և մեր միջև երկուստեք դրանց խորացման փոխադարձ հետաքրքրություն կա։ Առօրյա աշխատանքով և տարբեր բնագավառներում մեր գործունեությամբ հայերս մյուս ազգերի հետ միասին կառուցում, շենացնում ենք այս քաղաքը, այս երկիրը։ Մենք էլ գոհ ենք նրանց վերաբերմունքից, մեզ ընձեռում են ապրելու, աշխատելու, արարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում ընդառաջում են։ Շատ  գովելի է այն փաստը, որ երբեք չենք զգացել  ազգային խտրականության դրսևորումներ. սա հույժ կարևոր է,  մանավանդ Օդեսայի նման բազմազգ մարզում ու քաղաքում։ Ելնելով իշխանությունների և ամբողջ հասարակության դրական վերաբերմունքից՝ հուսով եմ, որ այդ հարաբերությունները կընդարձակվեն ու կհարստացվեն։ Լոկ ցանկանում եմ, որ ներկա քաղաքական ճգնաժամը ունենա բացառապես խաղաղ ավարտ, խաղաղություն եմ կամենում  արար աշխարհին։

- Ցանկալի էր լսել Ձեր կարծիքը Օդեսայում գործող (ընդամենը 1 տարի) ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մասին, որի բացումը կայացավ նաև շնորհիվ Ձեր համառ ջանքերի։

-Իրոք, դա դյուրին լուծվող հարց չէր։ Ինքս մի քանի անգամ մեկնեցի հայրենիք և այդ առիթով այցելեցի պարոն նախագահին: Չնայած դժվարություններին՝ այդ հարցի լուծումն իրագործվեց. աշխարհում գործող հյուպատոսություններից  7-րդը բացվեց Օդեսայում, որի իրավասության ներքո գտնվում են Ուկրաինայի հարավային մարզերը։  Կարճ ժամանակահատվածում շատերն են դիմել ու դիմում իրենց մտահոգող հարցերով, փաստաթղթերի հետ առաջացած  բազմաբնույթ խնդիրներով, նամանավանդ որ վերջին ժամանակներում երկրում խստացվել են ներգաղթային օրենքները։ Հյուպատոսությունը, ի դեմս գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի,  բոլորին էլ որակյալ օգնություն է ցուցաբերում, բառիս բուն իմաստով դուրս բերում դժվար իրավիճակից։ Մարդիկ անչափ գոհ են։ Դրանից բացի հյուպատոսությունն իր գործունեությամբ նպաստում է 2  երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։ Գաղտնիք չէ, որ մարզի ծովային նավահանգիստներով Հայաստան են ներմուծվում մեծ քանակությամբ ուկրաինական ապրանքներ և՝ հակառակը։ Հետևաբար, հյուպատոսության գործունեության հետ կապված պահեր շատ կան։

-Հուրախություն սփյուռքահայերիս՝ արդեն 5 տարի է, ինչ Մայր հայրենիքում գործում է Սփյուռքի նախարարությունը, որի հիմնական նպատակը Սփյուռք-Հայրենիք կապի ամրապնդումն է, հայ ժողովրդի այս երկու հատվածների միավորումը։ Ինչպե՞ս է դրսևորվում համայնքի և Նախարարության համագործակցությունը։

-Հարկավ, Սփյուռքի նախարարությունը, մեծարգո տիկին Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, դարձել է անքակտելի կամուրջ սփյուռքի ու հայրենիքի միջև։ Սփյուռքում մենք պայքարում ենք հայ մնալու համար. այդ պայքարում հաճախ ենք առաջնորդվում նախարարության առաջադրած ծրագրերով և կյանքի կոչում դրանք։ Համայնքի ու դպրոցի գործունեության հետ կապված հարցերով նախարարություն են այցելում Մարգարիտան, Աննան, վաստակաշատ մանկավարժ, Հայր Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը, որի սաները ուսման մեջ բարձր առաջադիմությամբ ու նվաճումներով ոչ միայն դպրոցի, այլև համայնքի պարծանքն են։ Դպրոցականները, երիտասարդությունը մասնակցում են Սփյուռքի նախարարության կազմակերպած մրցույթ-փառատոներին ու հայագիտական թեմաներով օլիմպիադաներին, նրա մշակած ազգապահպան գեղեցիկ ծրագրերին։ Հայրենիքի հետ սերտ կապի, նախարարության հետ սերտ հարաբերությունների մեջ է լրագրողների միջազգային միության անդամ, Օդեսայում հրատարակվող՝ Ուկրաինայի հայերի միության՝ «Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, որի հայալեզու հոդվածաշարերն ու ակնարկաշարերը հետաքրքրությամբ ընթերցում են նաև հայրենիքում և արտերկրի մեր հայրենակիցները։  Փոխադարձաբար ձգտում ենք  այդ համգործակցությունը ավելի սերտացնել։ Բնականաբար այն իրագործում ենք նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով ու էլեկտրոնային հաղորդակցության կիրառմամբ։

- ՈՒզում  եմ իմ բոլոր զրուցակիցներին ուղղված ավանդական հարցը առաջադրել Ձեզ. հարգարժան պարո՛ն նախագահ, ո՞ րն է օտար ափերում հայ մնալու գաղտնիքը։

\-Իմ կարծիքով՝ սփյուռքի հայը պետք է ներքուստ պատրաստ լինի հայ մնալուն։ Իսկ մայրենի լեզվի, մեր ժողովրդի պատմության ու նրա  կյանքի հերոսական էջերի, նրա հոգևոր ու աշխարհիկ մշակութային արժեքների ուսուցման հոգսը իր ուսերին կրում է համայնքը՝ քաջ գիտակցելով իր վրա դրված վսեմ առաքելությունը։

-Եվս մեկ ավանդական հարց.  Ինչպիսի՞ն եք տեսնում համայնքն ապագայում։

-Դժվար է կանխատեսել, թո՛ղ Աստված Ուկրաինայի ժողովրդին խաղաղություն պարգևի։ Որքան երկիրը խաղաղ ու բարգավաճ լինի, այնքան դրական կանդրադառնա համայնքի գործունեության վրա, կսատարի նրա ծաղկմանը։ Իսկ մենք բոլոր ժամանակներում կաշխատենք իրագործել մեր հիմնական իղձը՝ հայապահպանման սուրբ գործը։

-Պարո՛ն Տիգրանյան, ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ տեղեկացա, որ Ձեր ծննդավայրում եկեղեցի եք կառուցել։ Ի՞նչը դրդեց Ձեզ դիմելու այդ ազգանվեր գործունեությանը։ Արյան կա՞նչ էր արդյոք, թե՞…

-Մեծ ու խորը հավատքի արդյունք է դա,նաև այն ունի մի գեղեցիկ նախապատմություն։ Գյուղում  պապենական հողատարածք ունեինք, որը պատված էր պտղատու  այգիներով. դարավոր, հաստաբուն ծառեր էին։ 90-ական թվականների ճգնաժամային տարիներին բոլորիս հայտնի պատճառներով դրանք կտրատվել, վերածվել էին կոճղերի։ Այդ տեսարանից ամեն անգամ սիրտս մղկտում էր…Նաև երկընտրանքի մեջ էի՝ ինչպե՞ս վարվեմ, այգի՞ն վերականգնեմ, թե ՞ …Ասես Աստված օգնեց կողմնորոշվելու. Գարեգին Բ  Կաթողիկոսի ընտրության տարին էր։ Հայաստան էին ժամանել տարբեր երկրնեոի հայոց թեմերի առաջնորդներ, եպիսկոպոսներ։ Ինձ բախտ վիճակվեց մի քանիսին հրավիրել հայրենական տուն,ուր մայրս, առիթին պատեհ,  հայկական ավանդական սեղան էր բացել…Նրանց հետաքրքրում էր՝ ինչպիսին է հայկական գյուղերի ժողովրդի կենսակերպը և գյուղական վայրերում կա՞ն արդյոք եկեղեցիներ։ Հոգևորականներին ուղեկցեցինք մեր գյուղի՝  Ներքին Դվինի, կիսաքանդ, անգամ ճիշտ կլիներ ասել՝ ավերակ վանքը, որը վերականգման ենթակա չէր այլևս։  Երբ ներս մտանք, նրանք 8 հոգով սկսեցին միաձայն երգել. հոգևոր երգի աստվածային հնչյունները լսելով՝ մոտակայքում ապրողները միացան մեզ։ Քիչ անց,մեկը մյուսին ձայնելով, ողջ գյուղը հավաքվեց եկեղեցու բակում։ Ես այլևս տարակուսանք չունեի…Պապենական հողի վրա՝ հինավուրց մայրաքաղաքի բերդին հանդիպակաց , Արմավիրի կարմիր տուֆով կառուցեցինք մեր  քարակոփ եկեղեցին։ 2000 թվականին բացման արարողությունը կատարեց Գարեգին Բ կաթողիկոսը։ Այգու մասին էլ հոգացինք. այսօր սուրբ տաճարը  շրջապատված է ծիրանենիներով, որոնք աշխարհին հայտնի են «արմենիկա» անունով։

Ամռան ջինջ ու մով երկնքի հովանու ներքո ծառերը զարդարվում են հյութալի, արևաթուշ պտուղներով, որոնց ոչ միայն քաղցր բույրով, նաև անուշ համով կարող են հիանալ և՛ համագյուղացիներս, և՛ գյուղի բոլոր հյուրերը։

-Հրաշալի՜ է։ Ձեր այս գողտրիկ պատմությունը ընթերցողները հաստատ կփափագեն այցելել Ներքին Դվինի եկեղեցին: Երբ լինեմ Հայաստանում, ինքս էլ անպայման կգնամ;

-Շատ բարի, շատ ուրախ կլինեմ:

-Ձեր կյանքի անցած ճանապարհը մարդասիրության ու հայրենասիրության վառ օրինակ է։ Ի ՞նչ  է Ձեզ համար հայրենասիրությունը։

-Ինձ համար սերն ու հայրենիքը անբաժան են միմյանցից։ Հայրենիք հասկացությունը շատ լայն է ու խոր։ Այն իր մեջ ընդգրկում է տարածք, ժողովուրդ, մայրենի լեզու, հավատք, ընտանիք,ավանդույթներ և բյուրավոր այլ նուրբ լարեր, որոնք սիրով միահյուսվելով՝ դառնում են Հայրենիք։ Այն շատ քաղցր է… Հայրենասիրության դրսևորումները տարբեր են լինում…կա ՞ աշխարհում արդյոք ավելի գեղեցիկ սար, քան Երևանի դիմաց հավերժ հառնող Արարատը…

 Ինձ համար հայրենասիրությունը բարի գործերով, թեկուզ՝ փոքր, հայրենիքին օգտակար լինելն է։

-Հարգելի՛ նախագահ, շնորհակալություն հաճելի ու բովանդակալից զրույցի համար, թո՛ղ հաջողությունը մշտապես լինի Ձեզ ուղեկից՝  Ձեր աստվածահաճո գործունեությանասպարեզում։

 Զրուցեց   Նարինե  Մուրադյանը

  «Վերնատուն» համայնքաթերթի թղթակից,  ք. Օդեսա 

Категория: Новости Диаспоры Одессы | Просмотров: 360 | Добавил: zlodeh | Теги: Тигранян Самвел Липаритович, Армяне Одессы, Армяне Украины, Армянская Община